Discover millions of ebooks, audiobooks, and so much more with a free trial

Only $11.99/month after trial. Cancel anytime.

Ակսել Բակունց - Իմ գրադարանը
Ակսել Բակունց - Իմ գրադարանը
Ակսել Բակունց - Իմ գրադարանը
Ebook258 pages2 hours

Ակսել Բակունց - Իմ գրադարանը

Rating: 0 out of 5 stars

()

Read preview

About this ebook

Ակսել Բակունցը հայ գեղարվեստական արձակի ամենատաղանդավոր ներկայացուցիչն է: Բակունցի ակնարկներում ու պատմվածքներում պատկերված են նրա հայրենի եզերքն ու մարդիկ: Նրա ստեղծագործությունների վրա… անհատական կնիք է դրված. այնքան թարմ են և ինքնուրույն…
​​
​Ակսել Բակունցի այս ժողովածուն լույս է տեսել «Իմ գրադարանը» մատենաշարով: «Իմ գրադարանը» մատենաշարի յուրաքանչյուր գրքում ներկայացված են հայ դասական գրողների լավագույն գործերը: Մատենաշարը հասցեագրված է դպրոցականներին, ուսանողներին, մեծահասակ ընթերցողներին և առհասարակ բոլոր նրանց, ովքեր սիրում են հայ գրականությունը:

LanguageՀայերեն լեզու
PublisherEDIT PRINT
Release dateSep 25, 2018
Ակսել Բակունց - Իմ գրադարանը

Related to Ակսել Բակունց - Իմ գրադարանը

Titles in the series (4)

View More

Related ebooks

Reviews for Ակսել Բակունց - Իմ գրադարանը

Rating: 0 out of 5 stars
0 ratings

0 ratings0 reviews

What did you think?

Tap to rate

Review must be at least 10 words

    Book preview

    Ակսել Բակունց - Իմ գրադարանը - EDIT PRINT

    Copyright

    EDIT PRINT PUBLISHING HOUSE

    All rights reserved. No part of this publication may be reproduced, distributed, or transmitted in any form or by any means, including photocopying, recording, or other electronic or mechanical methods, without the prior written permission of the publisher, except in the case of brief quotations embodied in critical reviews and certain other noncommercial uses permitted by copyright law.

    © 2018 EDIT PRINT PUBLISHING HOUSE

    ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑ

    Կազմեց և խմբագրեց Նվեր Վիրաբյանը 

    Ակսել Բակունցի այս ժողովածուն լույս է տեսել «Իմ գրադարանը» մատենաշարով: Ներառում է հեղինակի` ՀՀ հանրակրթական դպրոցի և բուհական ընդունելության քննությունների ծրագրերով նախատեսված ստեղծագործություններ և լրացուցիչ ընթեցանության նյութեր: Գիրքը հասցեագրված է ոչ միայն մեր դպրոցականներին, այլև աշխարհասփյուռ հայ պատանիներին ու պարմանուհիներին, ինչպես նաև մեծահասակ ընթերցողներին, բոլոր նրանց, ովքեր չեն կորցրել իրենց հետաքրքրությունը հայ բազմադարյան գրականության նկատմամբ: 

    ՆԱԽԱԲԱՆ

    «Ակսել Բակունցը հայ գեղարվեստական արձակի ամենատաղանդավոր ներկայացուցիչն է: Նրա ստեղծագործությունների վրա… անհատական կնիք է դրված. այնքան թարմ են և ինքնուրույն… Նա ապրում է, զգում է հողը, տարերքը, եղբայրական մի բարությամբ է համակված դեպի բույսերը, թռչուններն ու կենդանիները:

    Հատկապես ինձ շատ սիրելի է Ակսելի աշխարհազգացումը… Գեղեցիկ են շատ «Սպիտակ ձին», «Ծիրանի փողը», «Միրհավը», «Սև ցելերի սերմնացանը», իսկ ամենագեղեցիկը «Բրուտի տղան» է: Այնպես նուրբ են հյուսված այս պատկերները… այնպես նուրբ, կարծես հեքիաթ են, կարծես երազ ես տեսնում, այնպես կախարդորեն սուզվում են իրար մեջ անցյալն ու ներկան, որ հուշը դառնում է ներկա և իրական, ներկան դառնում է երազ»,- իր կրտսեր գրչակից ընկերոջ գրական արվեստի մասին գրել է Ավետիք Իսահակյանը:

    Ցավոք, Բակունցն ապրել է ստեղծագործական կարճատև կյանք` 1923-1937 թթ., որի ընթացքում հասցրել է գրել ու հրատարակել պատմվածքների չորս ժողովածու` «Մթնաձոր», «Սպիտակ ձին», «Սև ցելերի սերմնացանը», «Անձրևը», ինչպես նաև` «Հովնաթան Մարչ» և «Կյորես» վիպակները, հատվածներ «Կարմրաքար», «Որդի որոտման», «Խաչատուր Աբովյան» վեպերից:

    Բակունցի ակնարկներում ու պատմվածքներում պատկերված են նրա հայրենի եզերքն ու մարդիկ: Լեզուն գեղեցիկ է, բանաստեղծական ու գունագեղ, ինչպես հայրենի Գորիսի կանանց նուրբ մատներով հյուսված գորգերի անկրկնելի զարդանախշերն ու հայ բազմադարյան ճարտարապետության քանդակազարդ, ասես անձեռակերտ, «ասեղնագործ» խոյակները:

    ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

    ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

    ՆԱԽԱԲԱՆ

    ԲԱԿՈԻՆՑ ԱԿՍԵԼ

    ՄԹՆԱՁՈՐ

    ԽՈՆԱՐՀ ԱՂՋԻԿ

    ԱԼՊԻԱԿԱՆ ՄԱՆՈՒՇԱԿ

    ԾԻՐԱՆԻ ՓՈՂԸ

    ՆԱՄԱԿ ՌՈՒՍԱՑ ԹԱԳԱՎՈՐԻՆ

    ՍՊԻՏԱԿ ՁԻՆ

    ՄԻՐՀԱՎ

    ԿՅՈՐԵՍ

    Հղումներ

    ԲԱԿՈԻՆՑ ԱԿՍԵԼ

    (1899-1937)

    Ծնվել է Գորիսում։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի ծխական դպրոցում. ապա ուսումը շարունակել Է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, սովորելմինչև 1935 թվականը, երբ պատերազմի պատճառով փակվել է այն։ 1915-1916 թթ. որպեսուսուցիչ աշխատել է Զանգեզուրի շրջանի Լոր գյուղում։ 1917 թ. ավարտել է ճեմարանը։ Հաջորդ տարվանից ծառայել է բանակում. եղել էրզրումում, Կարսում։ Միառժամանակ Երևանում որպես սրբագրիչ աշխատելուց հետո մեկնել է Ուկրաինա, 1920-1923 թթ, սովորել Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտում։ Վերադառնալով Հայաստան` աշխատել է որպես գյուղատնտես։ Գրական առաջին փորձերը կատարել է Առաջին համաշխարհային պատերազմից առաջ։ 1911 թ. «Աղբյուր» մանկական հանդեսում տպագրել է «Հիմար մարդը» հեքիաթը, սակայն դրանից հետո գրեթե չի զբաղվել գրականությամբ։ Նրա գրական գործունեության սկիզբը համարվում է 1924 թվականը, երբ Թբիլիսիի «Մարտակոչ» օրաթերթում հրատարակել է. «Գավառական ակնարկները»: Այնուհետ տպագրել է մի շարք պատմվածքներ, որոնք, ամփոփելով մի հատորի մեջ, լույս է ընծայել Երևանում, 1927 թ՝ «Մթնաձոր» խորագրով։ Դրան հաջորդել են նոր ժողովածուներ՝ «Հովնաթան Մարչ» (1927), «Պատմվածքներ» (1923), «Սպիտակ ձին», (Մոսկվա, 1929), «Սև ցելերի սերմնացանր« (1934), «Խոնարհ աղջիկը» (ռուսերեն, Մոսկվա, 1935), «Յոթ պատմվածք» (ռուսերեն, Թբիլիսի, 1934), «Անձրև» (Երևան, 1935), «Եղբայրության ընկուզենիներ» (1936), «Քեռի Դավոն» (1936) և այլն։ Խ. Աբովյանի կյանքը պատկերող վեպ է գրել, սակայն չի ավարտել. անավարտ է մնացել նաև նրա «Կարմրաքար« վեպը։ 1932 թ. լույս Է ընծայել «Խաչատուր Աբովյանի անհայտ բացակայումը» գրքույկը` փորձելովնոր մեկնաբանաթյուն տալ մեծ գրողի ողբերգական վախճանին։ Գրել Է երկու սցենար` «Սև թևերի տակ» և «Զանգեզուր»։ Կատարել Է թարգմանություններ, որոնցից ուշագրավ են Ն. Գոգոլի «Տարաս Բուլբան», Ջ. Սվիֆտի «Գուլիվերի ճանապարհորդությունը»: Նրա ստեղծագործությունները բազմիցս վերահրատարակվել են։

    Մթնաձոր տանող միակ արահետն առաջին ձյունի հետ փակվում է, մինչև գարուն ոչ մի մարդ ոտք չի դնում անտառներում: Սակայն Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան, ուր ոչ ոք չի եղել: Ծառերն ընկնում են, փտում, ընկած ծառերի տեղ նորն է ծլում, արջերը պար են խաղում, սուլում են չոբանի պես, ոռնում են գայլերը, դունչը լուսնյակին մեկնած, վարազները ժանիքով փորում են սև հողը, աշունքվա փտած կաղիններ ժողովում:

    Մի ուրույն աշխարհ է Մթնաձորը, քիչ է ասել կուսական ու վայրի: Թվում է, թե այդ մոռացված մի անկյուն է այն օրերից, երբ դեռ մարդը չկար, և բրածո դինոզավրը նույնքան ազատ էր զգում իրեն, ինչպես արջը մեր օրերում: Գուցե այդպես է եղել աշխարհն այն ժամանակ, երբ քարածուխի հսկա շերտերն են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր:

    Հիմա էլ Մթնաձորում մուգ կանաչ մաշկով խլեզներ կան, մարդու երես չտեսած, մարդուց երկյուղ չունեցող: Պառկում են քարերի վրա, արևի տակ. ժամերով կարող եք նայել, թե ինչպես է զարկում փորի մաշկը թույլ երակի պես, կարող եք բռնել նրանց: Խլեզները Մթնաձորում մարդուց չեն փախչում:

    Բարձր են Մթնաձորի սարերը. դրանից է, որ ամռան երկար օրերին էլ արևը մի քանի ժամ է լույս տալիս Մթնաձորի անտառներին: Եվ երբ հեռավոր հարթավայրերում արևը նոր է թեքվում դեպի արևմուտք, Մթնաձորում ստվերները թանձրանում են, սաղարթի տակ անթափանց խավար է լինում, արջերը որսի են դուրս գալիս, վարազներն իջնում են ջուր խմելու, իր որջի առաջ զիլ ոռնում է գայլը, ոռնոցը հազարբերան արձագանքով զրնգում է Մթնաձորում:

    Գիշեր է դառնում, և գիշերվա հետ որսի են ելնում Մթնաձորի բնիկները: Արջը տանձ է ուտում, իրար թաթով են տալիս, թավալգլոր են լինում չոր տերևների վրա, դարան մտնում, հենց որ զգում են վայրի խոզերի մոտենալը: Արջը գիտե վարազի ժանիքի թափը, նախահարձակ չի լինում: Եթե տկար մի խոզ ետ մնա մյուսներից, արջը թաթի մի հարվածով ճեղքում է փափուկ վիզը, մի երկու պատառ լափում, լեշը ծածկում չոր ցախով ու տերևներով, քար դնում վրան, փնթփնթալով հեռանում, մինչև լեշը հոտի:

    Եթե հանկարծ վարազները լսեն ետ մնացած խոզի ճիչը... Սրածայր թրերի պես շողշողում են ժանիքները, անշնորհք շարժումներով արջին մնում է բարձրանալ կաղնու վրա: Կատաղի ձիերի պես վարազները վրնջում են, ժանիքներով ակոսում կաղնու տակ, զարկում ծառի բնին: Մթնաձորի ծերունի անտառապահը մի գարունքի տեսել է վարազի կմախքը, ժանիքը մինչև արմատը խրված ծառի բնում, ծառի ճյուղի արանքում արջի սատկած քոթոթին:

    Վայրի վարազի պես էր անտառապահ Պանինը: Մի հրեշ էր նա, անտառապետի տարազով, կոկարդով1 գլխարկը գլխին: Անտառում հանկարծ կերևար, փայտահատի կողքին կկանգներ, կնայեր, թե ինչպես նա արագ կացնահար է անում ծառը: Մեկ էլ, թաքստոցից դուրս կգար, կմռնչար այնպես, որ արջերն էլ էին քնից զարթնում և որջերում մռռում: Լեղապատառ փայտահատին մնում էր կամ փախչել, կամ օձի պես ծռմռատել Պանինի մտրակի հարվածների տակ:

    Պանինը որսորդ էր: Վեց շուն ուներ, մեկը մյուսից կատաղի: Շների հետ որսի էր գնում Մթնաձորի խորքերը: Ձմռան լուսնյակ գիշերներին, երբ վախից ոչ ոք չէր մոտենում Մթնաձորին, Պանինի շներն անտառի բացատում արջի հետ էին կոխ կենում կամ հալածում էին խրտնած պախրային: Պանինը վազում էր շների հետևից, հրճվանքից ճչում: Գիշերվա որսը նրա համար հարազատ տարերք էր:

    Առավոտը բացվում էր, ձյունի վրա արյան շիթեր էին երևում, այստեղ-այնտեղ խառնիխուռն հետքեր, խեղդված գայլի դիակ, կոտրատած ճղներ: Մի փչակի մոտ նստում էր Պանինը, մինչև շները որսի միսն ուտեն:

    Նա սպանած և ոչ մի կենդանու ձեռք չէր տալիս և շներին կշտացնելուց հետո վերադառնում էր տուն: Եթե ճանապարհին տեսներ մեկին գողացած փայտը շալակին, Պանինի շները պիտի հարձակվեին նրա վրա, հալածեին, մինչև քափ-քրտինքի մեջ կորած, արյունլվա մարդը կարողանար մի տեղ պատսպարան2 գտնել:

    Այսպես էր Պանինը: Նրա սարսափը հեռուներում էր տարածված, նրա մասին բերնեբերան պատմություններ էին անում: Ոչ ոք չգիտեր ոչ նրա ազգությունը, ոչ հավատն ու ծագումը: Ասում էին, որ նախկին սպա է, մարդ էր սպանել, նստել էր բանտում, հետո անտառ գնացել: Հյուսիսի անտառներից մեկում նա իր կնոջն էր սպանել որսի մի գիշեր, ավելի ճիշտ` շներին հրամայել էր գզգզել կնոջը:

    Այդպես էին պատմում անտառապահ Պանինի մասին:

    * * *

    Գյուղում Ավին լավ որսորդի համբավ ուներ: Տան ապրուստի մի մասը նա Մթնաձորի խորքերից էր հոգում: Բացուտներում միրհավ3 էր որսում, արտերի մոտ կաքավ ու լոր, թակարդ էր լարում աղվեսի համար, երբեմն էլ Մթնաձորի խորքերն էր գնում, ժամերով նստում քարի քամակին, մինչև վարազները ջրի գնային:

    Ավին նշանը ճիշտ էր բռնում, բերդանի4 գնդակը վարազի ճարպոտ կողքին մեծ վերք էր բացում: Վարազը թավալգլոր էր լինում, ցավից ժանիքներով հողը փորում, արմատներ պոկում, հետո խռռոցով գետին ընկնում:

    Եվ եթե Պանինից երկյուղ չէր անում կամ տեղյակ էր լինում, որ անտառապահը Մթնաձորում չի, չոր ցախերից էլ մի շալակ էր անում, ծածուկ մի տեղ պահում` գիշերով տուն տանելու համար:

    Այդ օրն էլ նա որսի էր գնացել: Թարմ հետքեր կային ձյունի վրա: Ավին մի հետքով գնաց և հենց որ բլրակի գլուխը բարձրացավ, տեսավ երկու աղվես: Մինչև կրակելն աղվեսները փախան: Այդ Ավու համար վատ նշան էր, որսը հաջող չպիտի լիներ: Մի քիչ էլ ման եկավ, պախրայի հետք տեսավ, փնտրեց ու չգտավ: Եվ որովհետև այդ օրը Պանինը անտառ չպիտի գար (նա լսել էր, որ անտառապահը հիվանդ է), Ավին գերադաս համարեց մի շալակ ցախ տանել տուն:

    Իրիկնադեմ էր արդեն, երբ Ավին շալակի ցախը դրեց քարին, նստեց մի կոճղի` մի քիչ շունչ առնելու:

    Որսի մի շուն երևաց, հոտոտեց Ավուն, անցավ: Ավու շունչը փորն ընկավ: Երևաց երկրորդ շունը, երրորդը, շների հետևից էլ Պանինը: Ասես գետնի տակից բուսավ:

    Մեկի դեմքը քաթան էր, մյուսինը կարմիր ճակնդեղ: Պանինը թքոտեց, որպես Մթնաձորի արջ: Եվ երբ բարձրացրեց կնուտը5, Ավին էլ մեջքը ծռեց, գլուխը ձեռների մեջ առավ: Ավուն թվաց, թե Պանինի ձեռքը քարացավ, կնուտը սառեց ձմռան իրիկնապահի ցուրտ օդում: Պանինը կնուտը ետ քաշեց, և երբ Ավին գլուխը բարձրացրեց, նրան թվաց, թե Մթնաձորում մի սատանա է քրքջում:

    Երկընտրանքը տարօրինակ թվաց Ավուն: Կամ քսան ռուբլի տուգանք անտառից փայտ գողանալու համար, կամ էլ Մթնաձորի մի արջ սպանել: Եվ երբ Պանինը մի անգամ էլ կրկնեց իր առաջարկը, շրթունքները ետ տարավ ու խուլ ծիծաղեց, Ավին տեղից վեր թռավ, ցախը թողեց և եկած ճամփով ետ գնաց դեպի Մթնաձոր: Անտառի և ոչ մի արջ Պանինի տուգանքի գինը չուներ:

    Ավին նայեց բերդանի պատրոններին, չուխայի փեշերը հավաքեց գոտու տակ, փափախը պինդ կոխեց գլխին: Նա ձյունի վրայով նույնքան թեթև էր քայլում, ինչքան արջը չոր տերևների վրա:

    Մի անգամ ետ նայեց Ավին անցած ճամփին. ոչ Պանինը երևաց, ոչ էլ շները: Լուսնյակը մեծ ձյունագնդի չափ լույս էր տալիս, արտացոլում էր լուսնի լույսը ձյունի բյուրեղների մեջ: Ավին պարզ տեսնում էր ծառի բները, եկած ճամփան, ընկած հաստաբուն գերանները:

    Իջավ ձորը, լսեց, թե ինչպես սառույցի տակ խոխոջում է ջուրը: Ջրի ձայնը նրան հիշեցրեց եռման կաթսան, տունը, վառած օջախը: Տանը երևի սպասում են արդեն:

    Ետևից ճյուղի կոտրվելու ձայն լսեց: Թվաց, թե ձյունի ծանրոցից մի ճյուղ ջարդվեց: Վեր բարձրանալիս Ավին զգաց, որ մեկը հետևում է իրեն: Ետ նայեց, մի մարդաբոյ արջ էր կանգնել մի քիչ հեռու, ճյուղն ուսին, չոբանի մահակի պես:

    Ավին բերդանը մեկնեց, և երբ արջը թքոտելով դեն գցեց ուսի փայտը, չորքոտանի դարձավ, բերդանը որոտաց, կրակոցի ձայնին ձորերն արձագանք տվին, ծառի ճյուղերից ձյուն թափվեց: Արջը ոռնաց: Բերդանի ծուխի միջից Ավին տեսավ, թե ինչպես արջը մի ոստյուն արեց, թաթերը բերդանի փողին մեկնեց:

    Մթնաձորում սկսվեց անհավասար մի կռիվ մարդու և գազանի մեջ: Արջը թաթովն էր տալիս, աշխատում գետնով տալ մարդուն: Ավին մի ձեռքով պաշտպանվում էր նրա հարվածներից, մյուսով փորձում բերդանի փողը արջի երախի մեջ կոխել, կրակել մի անգամ էլ:

    Ծառս էր լինում արջը հետևի ոտների վրա, ձյուն շաղ տալիս, ընկնում, բարձրանում: Հանկարծ արջը բերդանի փողը բերանն առավ, սկսեց կրծոտել: Ավու ձեռքը սահեց բերդանի վրայով, մատը բնազդաբար սեղմեց կեռ երկաթին, բերդանը մի անգամ էլ որոտաց: Արջը ոռնաց առաջվանից էլ պինդ, մեջքի վրա ընկավ, գլորվեց, որպես կտրած գերան: Սառույցին որ հասավ, կանգնեց ոտքի, փորձեց վեր բարձրանալ:

    Ավին երրորդ անգամ կրակեց, բերդանի գնդակը խրվեց ձյունի մեջ, վզզաց, ինչպես շիկացած խոփը դարբնոցի ջրաքարում: Երրորդ կրակոցը նրա բերդանի վերջին ճիչն էր: Ավին մինչև վերջն էլ չիմացավ, թե ինչու չորրորդ փամփուշտը բերդանը ներս չառավ:

    Արջը ոռնոցով մի ոստյուն էլ արեց: Ավին շատ մոտ զգաց վիրավոր գազանի տաք շունչը, ծռվեց, և երբ արջը թաղվեց ձյունի մեջ, Ավին ետ վազեց, ձյունի մեջ ընկնելով, վեր բարձրանալով: Արջը հետևում էր նրան: Ավին վազում էր, թռչում գերանների վրայով, ծառի ճղները ճանգռում էին դեմքը սուր մագիլների պես, սայթաքում էր, նորից բարձրանում: Նրան այնպես էր թվում, թե Մթնաձորի բոլոր գազաններն են վազում իր հետևից:

    Ծառի մի ճյուղը փշերը խրեց փափախի մորթուն, փափախն ընկավ: Հենց այդ վայրկյանին նա մի ծանր հարված զգաց մեջքին, բրդոտ մի թաթ ճանկերը խրեց ծոծրակի մորթու մեջ: Լսվեց մի կրակոց, բայց Ավին ոչինչ չզգաց:

    Պանինը սատանայի պես քրքջում էր, ոտքն արջի դիակի վրա:

    * * *

    Ավին հիմա էլ ողջ է:

    Զարհուրանքով կարելի է նայել նրան, երբ փողոցի անցուդարձ անողներից պահված, մի անկյունում քաշված, սրա-նրա համար տրեխ է գործում:

    Ավու հագին չուխա է, տրեխներ, սովորական մարմին, առողջ ձեռքեր, որոնք շատ վարժ կաշին են ծակոտում, կաշվի թելերից հանգույցներ անում: Եվ սովորական մարմնի վրա գլխի տեղ մարդկային գանգ, ամբողջովին կլպված, առանց մազի, առանց մորթու:

    Արջը թաթի մի հարվածով ծոծրակի փափուկ մսի մեջ է խրել սուր ճանկերը և վիրավոր արջի ամբողջ զայրույթով իրան քաշել գանգի մորթին, մորթու հետ էլ գլխի մազերը, ունքերը, աչքերն ու քիթը:

    Ավին շրթունքներ չունի: Ոսկորների բաց ճեղքից երևում են ատամները, բաց է քթի խոռոչը, և երբ Ավին համրի պես խոսում է, շունչը քթի խոռոչովն էլ է դուրս գալիս: Աչքերի խոռոչներում չորացած մսի կտորներ կան, ծառի վրա կիսաչոր, մաշկը ծալ-ծալ եղած ծիրանի պես:

    Նրա գանգի վրա ողջ են մնացել միայն ականջները: Նայում ես և չես կարողանում որոշել` ծեր է Ավին, թե դեռ երիտասարդ, որտեղից է գալիս նրա ձայնը, գուցե մարդ չէ, այլ խրտվիլակ, գուցե չուխայի տակ կմախք է և ոչ միս ու մարմին:

    Սակայն նրա ձեռքերին միս կա և մաշկ, մատները վարժ շարժումենր են անում, և երբ Մթնաձորի անունն են տալիս, երևում է, որ ատամներն ավելի է դուրս գցում, կոկորդից անընդհատ ձայներ է հանում:

    Ու չգիտես` զայրանում է, թե ժպտում հին որսորդը...

    Գարնանային առավոտը խոստանում էր պայծառ և արևոտ օր: Կուշտ կերած մեր ձիերը արագ քայլերով բարձրանում էին քարոտ արահետը և ամեն քայլափոխին

    Enjoying the preview?
    Page 1 of 1